Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, January 28, 2012

ՀՀ ԶՈւ 20-րդ Տարեդարձը

 1992 թվականի հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերի ստեղծման օրն է:


 Իհարկե բոլորս էլ շատ լավ գիտենք թե ինչպես ստեղծվեց մեր բանակը, ինչպիսի փորձությունների միջով անցավ: Երբ սկսվեց պատերազմը մենք չունեինք բանակ, միայն մեծ ցանկություն պաշտպանելու սեփական հողն ու ժողովուրդը: Մեր բանակը ստեղծվեց, թրծվեց և կայացավ մարտի դաշտում և այդ բանակի կայացման, ճիշտ և նպատակասլաց զարգացման ապացույցը մեր այսօրվա խաղաղությունն է: Եվ զարմանալի չէ, որ մեր բանակն այսօր լավագույնն է տարածաշրջանում: Վստահ եմ, որ մարտունակությամբ մեր բանակի նմանը չկա տարածաշրջանում: Ինչը մարտական հզոր ոգու և հայրենասիրական` հայրենիքի համար արյունն ու կյանքը չխնայելու պատրաստակամության արդյունք է:

 Մեր բանակի ամբողջ ուժի միայն մի մասը մենք տեսանք ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված Զորահանդեսի ժամանակ, ինչը ևս բավական եղավ ահ ու սարսափի մեջ գցելու մեր թշնամիներին ևս մեկ անգամ մեզ ստիպեց հպարտությամբ խոսել մեր Զինված ուժերի մասին:
 Զինված Ուժերի առաջընթացն ակնհայտ է, այն միշտ շարունակական բնույթ է կրում և միտում չունի դադարելու:
 Իհարկե կատարելությանը հասնելու համար 20 տարին բավական չէ, խնդիրներ բանակում եղել են և կան, առաջ ավելի շատ էին, հիմա շատ ավելի քիչ թեև ցավալի:
  Ցանկացած Հայ Զինվորի կյանք պետք է շատ թանկ արժենա մեր պետության համար, վստահ եմ, որ դա քաջ գիտակցում է Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանը, նա իր ուղերձներում բազմիցս նշում է այն բոլոր ուղությունները որոնցով պետք է զբաղվել և աշխատանք տանել: Ես մեծ հաճույքով ծանոթացա 2012-ի տարեմուտի  ուղերձին և շատ ուրախացա, որ նախարարը նման կարծիք է հայտնում եղած հարցերի շուրջ և այդ ուղերձով համապատասխան հրահանգներ է տալիս սպաներին և կրտսեր հրամանատարական կազմին խնդիրների ճիշտ լուծման համար:
 Բայց շատ ցավալի է, որ նախարարի խորհուրդները և հրամանները «լավ» չի հասկանում կամ «չի ուզում» լավ հասկանա սպայակազմը: Իսկ ավելի վատ է, երբ դրանց կատարման համար անտեսվում է զինվորների կարծիքն ու կատարողական հնարավորությունները և դրվում է խնդիր ամեն գնով կատարել հրամանը առանց այլ հանգամանքները հաշվի առնելու:
 Ինչևէ այսօր այդ խնդիրների քննարկման օրը չէ: Այսօր հպարտության և ուրախության օր է: Եկեք հպարտանանք մեր բանակով և մեր զինվորներով, ովքեր իրենց կյանքի և արյան գնով պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները:
 Եկեք գլուխ խոնարհենք և հիշենք այն բոլոր հայտնի և անհայտ հերոսներին, որոնց շնորհիվ այսօր կա Հայ ազգը:
 Մի մոռացեք Ձեր Զինվորներին, նրանք Ձեր կարիքը շատ ունեն և վստահ եմ, որ միշտ հիշում և կարոտում են Ձեզ:
 Ես Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայկական Բանակում, Հպարտ եմ , որ Հայ եմ և ինչքան էլ դժվար և ծանր չլինի այն բեռը զինվորականի, որը զինվորականի ուսերին է, ես այն պետք է տանեմ ինչպես տարել են այս 20 տարիների ընթացքում հազարավոր այլ տղաներ և պատվով պետք է փոխանցեմ եկող սերնդին:
 Թող, որ միշտ խաղաղություն և համերաշխություն լինի մեր մեծ Զինվորական ընտանիքում:
 Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ:

No comments:

Post a Comment