Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Wednesday, August 10, 2011

Эмиль Золя «Дамское Счастье»

 Որքան բարդ է լինել աղքատ և փորձել պահպանել մարդկային արժանապատվությունը, միաժամանակ հոգ տանել քեզ պես որբ եղբայրների մասին և օրվա հացի գումար վաստակել:
 Բայց անհամեմատ դժվար է լինել հարուստ, ունենալ այն ամենն ինչ  ուզում ես, տիրանալ ամենին ինչին կցանկանաս սակայն լսել «Ոչ» այն աղջկանից, որին դու սիրեցիր անկախ քեզանից, որը տիրացավ քո սրտին անկախ նրանից, որ դու առաջին անգամ նույնիսկ գրավիչ ինչ-որ մի բան չնկատեցիր նրա մեջ, բայց սիրտդ կործանվեց և այդ պահից սկսեց ենթարկվել նրան:
 Երբ Դենիզան թողնելով հարազատ Վալոնը իր փոքր երկու եղբայրների հետ եկավ իրեն անծանոթ Փարիզ, նա չգիտեր կընդունի նրան հորեղբայրը, թե ոչ:
 Միայն բախտի բերմամբ և հանգամանքների բերումով նա հայտնվեց «Дамское Счастье»-ում, որտեղ նրան շարունակ չէին ընդունում, ծաղրում և քննադատման առարկա դարձնում:

 «Երջանկությունը» առևտրի մի մեքենա էր, որն իր ղեկավարի` Օկտավ Մառեի փայլուն մտահղացումների շնորհիվ իր վաճառքի բաժինների քանակը մեկ տասնյակից հասցրեց մինչև 60: Այն իր առաջխաղացման ճանապարհին չէր խղճում ոչ ոքի, այն վերջ էր դնում մանր վաճառականների գործին: Մարդիկ կորցնում էին իրենց գործը, սննկանում և մահանում «Երջանկության» պատճառով:
 Դենիզան լինելով կանացի մաքրության և արժանապատվության մարմնավորումը չէր կարող ընդունվել իր գործընկերների կողմից: Սակայն նա իր աշխատասիրության և ընտանիքը պահելու ձգտումով լցված տանում է բոլոր դժվարությունները: Ընթացքում նա դառնում է ավելի ուժեղ և գալիս է ժամանակ, երբ երբեմնի ճնշված և միայնակ Դենիզան սկսում է պայքարել իր իրավունքների համար, նրա մոտ նորանոր գաղափարներ են ծնվում թե ինչպես խթանել առևտուրը և ավելի մեծացնել վաճառքներն, ինչը իհարկե շատ է դուր գալիս Մուռեին, ով արդեն այդ ժամանակ գիտակցում էր, որ իր համար այդ հարստությունն ու սիրուհիները ոչինչ են և նա պատրաստ է ամենինչի հանուն Դենիզայի ով շարունակ ասում էր «Ոչ» և կրկին «Ոչ»:

 «Երջանկությունը» հանդիսանում էր ներկայիս Առևտրի կենտրոնների նախահայրը: Այնտեղ ժամանակի ընթացքում հնարավոր դարձավ գնել ամեն ինչ` սկսած թաշկինակից վերջացրած կահույքով: «Երջանկությունն» ունեցավ իր սեփական ընթերցողության սրահն և բեւֆետը: Շնորհիվ Մուռեի մտահղացումների «Երջանկության» տարեկան եկամուտը կազմում է միլլիոններ: Նա ոչ մի գումար չէր խնայում «Երջանկության» գովազդի համար, քանի որ վստահ էր, որ այդ գումարները կբազմապատկվեն մի քանի անգամ: Ինչպես Օկտավ Մուռեն էր ասում «Այստեղ Կինն իրեն պետք է զգա ինչպես սեփական տանը»: Նա հնարավորություն տվեց կանանց վերադարձնել գնված հագուստը, եթե այն այլևս դուր չէր գալիս գնորդներին: Նա բազմաթիվ անակլկալներ էր մատուցում «Երջանկության» հաճախորդներին և գերում էր բոլոր բոլորին:
 «Երջանկությունը» իր փառքի ճանապարհին շատ կյանքեր խլեց, սակայն հենց «Երջանկությունն» էր, որ դրեց ժամանակակից առևտրի հիմնաքարը:
 Գրքում ռոմանտիկայի պակաս չի զգացվում: Միայն Մուռեի տանջանքների նկարագրությունն «Երջանկության» սրահների ճոխ նկարագրությամբ համեմված մի անկրկնելի տեսարան են ապահովում:
 Դենիզան իր հերթին տառապում է և չի հասկանում թե ինչու չի կարող համաձայնվել այն ամբողջ կարողությանը, որը Մուռեն բազմիցս առաջարկել է նրան: Սակայն իմ կարծիքով հենց Դենիզայի համառությունը որոշիչ եղավ Օկտավի ամուսնության գնալու որոշման մեջ:
 Անշուշտ Դենիզայի մաքուր և «Ոչ» ասող կերպարն իմ համար շատ մեծ հարազատություն է պարունակում: Մուռեն իր հերթին դուր եկավ  նրանով, որ իր նպատակին հասնելու համար օգտագործելով բոլոր միջոցներն այտուհանդերձ հասկացավ, թե որն է ելքը և հասավ իր կյանքի ամենամեծ նպատակին և սիրուն` Դենիզային:


 Գրքում չի խոսվում նրանց հետագա կյանքի մասին,սակայն ասեմ,որ Դենիզան և Օկտավը երկու երեխա են ունենում և այդ ամենի հետ մեկտեղ միասին գերազանց ղեկավարում են «Երջանկությունը»:
 Իմ սիրված ժամանակաշրջանի Փարիզն իր անկրկնելի փողոցներով և ռոմանտիկ պատմություններով ևս մեկ անգամ ինձ անկրկնելի զգացողություններ պատճառեց: «Երջանկության» բարգավաճումն և այն ամենը ինչի միջոցով «Երջանկությունը» ծաղկունք ապրեց շատ հետաքրքիր բաներ սովորեցրեց ինձ:
 Ես ուրախանում էի հերոսների հաջողություններով և տխրում նրանց հետ միասին:
 Խորհուրդ եմ տալիս կարդալ` Эмиль Золя «Дамское Счастье»

No comments:

Post a Comment